Եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների առաջնություններում, անկախ այն բանից` գրանդ ակումբները տվյալ օրը միմյանց հետ են մրցում, թե ոչ, հետաքրքիր զարգացումների պակաս չկա: Եվ բնավ էլ նշանակություն չունի, որ տվյալ հանդիպման ելքը կանխորոշված է ուժերի անհամազորության պատճառով: Միևնույն է, մարզասերը շտապում է խաղադաշտ, որովհետև գիտի, ինչ էլ լինի, ժամանակն աննպատակ չի մսխելու:
Իսպանիայի առաջնությունում շարունակվում է կատալոնյան ակումբի խելահեղ հաղթանակների շարանը: «Բարսելոնի» զոհն այս անգամ Բիլբաոյի «Աթլետիկն» էր: Հինգ գնդակ բաց թողած մեկի դիմաց, այդ հինգից երկուսը դարձյալ ֆուտբոլային ամենազոր հրաշքի կատարմամբ, ու պակաս մնացած ընդամենը մեկ գոլ՝ օրացուցային տարվա ընթացքում լեգենդար Գերդ Մյուլերի ռեկորդը կրկնելու համար: Սակայն կա՞ գեթ մեկը, ով հավատում է, թե այդ ութսունհինգն է շարունակելու մնալ սահմանային, և այդ ի՞նչ է անելու «Բենֆիկան», որ հետաձգի իր անունն արգենտինացու ռեկորդի հետ կապելը։ Թե չէ այն, որ «Բարսելոնը» վստահորեն գլխավորում է երկրի ներքին առաջնությունը, և կամ Մեսին ռմբարկուների ցանկում առաջինն է, սրանցով ընթերցողին ոչ նոր բան ասած կլինես, ոչ էլ անակնկալի կբերես:
Անդրադարձ կատարենք նաև մայրաքաղաքային երկու ակումբների՝ «Ռեալի» ու «Աթլետիկոյի» բախմանը: 2:0 հաշվով հաղթանակը Մոուրինյոյի թիմին չբերեց երկրորդ հորիզոնական (ընթացքում կորցրածը բավականին է), սակայն մեկ անգամ ևս հաստատեց, որ ընդհանուր զարգացման մեջ Սիմեոնեի գլխավորած ակումբն անցնելիք երկար ճանապարհ ունի արքայական ակումբի հետ ոտք ձգելու, իսպանական առաջնության թիվ երկու ակումբ կոչվելու համար: Մայրաքաղաքայինների դիմակայությունում ուրախացրեց Ռոնալդուն: Թեպետ նրա ակտիվում մեկ գոլ գրանցվեց, սակայն մեծ էր պորտուգալացու օգտակար գործողության գործակիցը, ինչը, ի դեպ, յուրաքանչյուր մեծ ֆուտբոլիստի ամենախոշոր բնութագրականն է:
Ավարտված շաբաթվա մեջ եվրոպական գրանդների մասնակցությամբ եթե ապշեցնելու բան էլ կար, դրա հեղինակը «Մանչեստր Յունայթեդն» էր: Անգլիայի առաջնության տասնհինգերորդ տուրում «Ռեդինգի» հետ հանդիպումում այն առաջին խաղակեսում խփեց չորս գնդակ (երկուսի հեղինակը ՈՒեյն Ռունին է), սեփականը բաց թողեց երեքը: Ճիշտ է, երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց կողմերից և ոչ մեկի կողմից, սակայն սա չէ կարևորը: Կարևորը հետխաղյա ասուլիսում յոթանասուներկուամյա սըր Ալեքս Ֆերգյուսոնի սպառնալիք-զգուշացումն է, որը մոտավորապես հնչել է այսպես՝ եթե մինչև մյուս խաղը պաշտպանությունում եղած անկարգությունը չշտկենք, ստիպված կլինեմ ես խաղադաշտ մտնել: Իհարկե, այսպես ասելով Ֆերգյուսոնը պատկերավոր է արտահայտվել, սակայն մի պահ պատկերացրեք ինչ կլինի, եթե նա իսկապես մտնի խաղադաշտ: Ի՜նչ Լամանշ: Մինչև Հերկուլեսյան սյուներ կքշի բոլորին, նրանց թվում և` իր սիրեցյալ Ռունիին, ով, պարզ է, պաշտպան չէ, հարձակվող է, այն էլ մաքուր հարձակվող: Բայց դե գիտեք` կապ չունի, որ սկսեց էն անտերները պոկել, անեկդոտի առյուծի պես է դատն անելու: Ասել է թե՝ պոկելու է, հետո է հաշվելու: Այնպես որ, յունայթեդցիները լրջորեն մտածելու բան ունեն, որքան էլ առաջնության միանձնյա առաջատարն են: Սա նրանց համար դեռ չի նշանակում փրկություն ազնվականի ցասումից:
Սեփական հարկի տակ «Էվերտոնի» հետ միայն մեկ միավոր վաստակեց մանչեստրյան մյուս թիմը՝ «Ման. Սիթին», ինչը կարելի է հաջողություն որակել «Վեստ Հեմ Յունայթեդից» 3:1 հաշվով պարտված «Չելսիի» սայթաքումի կողքին, որի ոտքերի տակ արդեն աղյուսակային երրորդ հորիզոնականն էլ է սկսում երերալ: Հնարավոր իննից ընդամենը երկու միավոր՝ Աբրամովիչի թիմի համար Բենիտեսը, կարծես, այնքան էլ փրկչի կերպարի մեջ չի տեղավորվում:
Չեմպիոնների լիգայի խաղերի խմբայինի շրջանակում Դոնեցկ կատարելիք ուղևորությունից առաջ «Յուվենտուսը» 3:0 հաշվով առավելության հասավ «Թուրինի» նկատմամբ ու պահպանեց առաջատարի դիրքերը: Հաղթական եղան նաև երկրորդ ու երրորդ տեղերում ընթացող «Նապոլիի» ու «Ինտերի» մասնակցությամբ խաղերը: Առաջինը 5:1 հաշվով առավելության հասավ «Պեսկարայի», երկրորդը՝ «Պալերմոյի» նկատմամբ (1:0): Իտալիայի առաջնությունում առաջատար եռյակն իր մեջ երկուական միավորի տարբերություն ունի: Այնպես որ, թիմերից յուրաքանչյուրի սայթաքումն իտալական առաջնությունում սկզբունքորեն կարող է խմբագրել ամեն ինչ:
Որքան էլ պրիմա առաջնություններ ունեցող եվրոպական երկրների գրանդ ակումբներից յուրաքանչյուրի հանդիպումն առանձին վերցրած հետաքրքրական է, այնուամենայնիվ, անցած շաբաթվա թիվ մեկ ֆուտբոլային հանդիպումը գերմանական առաջնության Մյունխենի «Բավարիա»-Դորտմունդի «Բորուսիա» խաղն էր խելահեղ երկրորդ խաղակեսով, որտեղ ֆուտբոլը գեղեցկագույն դարձնող բաղադրիչներից և ոչ մեկի պակասություն չկար: Որքան էլ ռեալ է այս երկու ակումբները միմյանցից բաժանող տասնմեկ միավորը, այդուհանդերձ չի կարելի տրվել թվային այս խաբկանքին: Եթե առաջնությունում «Բավարիան» աջուձախ հաղթում է բոլորին կամ գրեթե բոլորին, «Բորուսիան» նույն թեթևությամբ իրեն կարող է տալ անհարկի շռայլումների միջին կամ միջակ կարողությունների ակումբների հետ, սակայն փոխարենը պատժել, ասենք, Մադրիդի «Ռեալին»՝ վեց հնարավորից չորս միավոր վաստակելով: Այնպես որ, «Բավարիա»-«Բորուսիա» խաղում տղայամտություն կլիներ կողմերից մեկին բացահայտ ֆավորիտ անվանել: Ի դեպ, խաղը եղավ դրա լավագույն վկայումը: Դորտմունդցիները Մյունխենից հեռացան մեկ միավոր վաստակած: Այստեղ աղյուսակի երկրորդ հորիզոնականում է «Բայերը»:
Հետաձգված հանդիպումների խաղարկումը, ինչպես նաև տասնհինգերորդ տուրի խաղերը հիմնովին խմբագրեցին Ֆրանսիայի առաջնության աղյուսակը: Երեսունմեկ միավորով առաջատարն արդեն «Լիոնն» է (1:0 հաշվով հաղթել է Մոնպելիեին»), քսանինը միավորով երկրորդը «Մարսելն» է (արտագնա խաղում գերազանցել է «Բրեստին»՝ 2:1), երրորդը մեկ միավորի հեռավորությամբ ընթացող «Սենտ Էթիենն» է: Նույնքան միավոր ունի և ՊՍԺ-ն, որն արտագնա խաղում պարտվել է «Նիցցային»՝ 2:1 (ընթացիկ առաջնությունում սա մայրաքաղաքային ակումբի առաջին պարտությունն էր):
Այսպիսի բաներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ